Օրերս Թեհրանում կառավարության նիստում, որը վարում էր նախագահ Հասան Ռոհանին, հավանություն տրվեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունն էր նման որոշում ընդունել: Ցանկացած պետությունների միջև անվիզա ռեժիմի հաստատումը, ազատ շփումների հնարավորության ստեղծումը միշտ գործընկերների միջև բարձր վստահության վկայություն է, իսկ երբեմն ընկալվում է իբրև ռազմավարական համագործակցության վկայություն: Սակայն այս դեպքում առանձնահատուկ վիճակ է՝ կապված Իրան-Ադրբեջան հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ:
Ադրբեջանը միշտ փորձել է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Ոչ առանց Ադրբեջանի ճնշման՝ Թուրքիան հրաժարվեց վավերացնել Ցյուրիխյան հայտնի արձանագրությունները 2009-ի հոկտեմբերին, որ նախատեսում էին Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում ու սահմանի բացում: Բաքուն, ինչպես ասում է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն, «խանդով է վերաբերվել ու վերաբերվում Թբիլիսիի՝ Երևանի ուղղությամբ արված քայլերին»՝ հաճախ Վրաստանին դնելով «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրության պրոբլեմի առաջ»: Դրությունը բարդացնում է Ռուսաստանի ու Վրաստանի լարված հարաբերությունների գործոնը: Շիական Իրանը միշտ ամենաբարդ ժամանակներում աջակցել է քրիստոնյա Հայաստանին՝ պատմական, մարտավարական ու ռազմավարական պատճառներով:
Մինչև XIX դարասկզբի ռուս-իրանական պատերազմները, տարածքները, որոնց վրա ավելի ուշ ձևավորվել են ժամանակակից Ադրբեջանն ու Հայաստանը, իբրև խանություններ Պարսկական կայսրության կազմում էին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իրանում արթնացել է նախկին աշխարհաքաղաքական մենթալիտետը, հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը թեքվեց Թուրքիայի կողմը:
Շիական Ադրբեջանը սկսեց ռազմավարական ալյանս կազմել սուննի Թուրքիայի հետ, որ բոլորովին ձեռնտու չէր Իրանին: Վերջերս Թեհրանը վիզաները չեղարկեց յոթ պետությունների քաղաքացիների համար՝ Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի, Սիրիայի: Սակայն Բաքուն ձեռնպահ է մնում նման քայլից՝ զգուշանալով, որ Իրանի ադրբեջանցիները, որոնց թիվը (որոշ տվյալներով) գերազանցում է 10-15 միլիոնը, կսկսեն խաղաղ յուրացնել տարածքը, որ ժամանակին կոչվում էր Հյուսիսային Պարսկաստան: Բայց խանգարել Թեհրանին վիզան հանել Հայաստանի քաղաքացիների համար՝ Բաքուն չկարողացավ: Ճիշտ է, Ադրբեջանում նկատեցին՝ հաղորդումներից հետո, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական բանակը օգտագործել է Ռուսաստանից գնած զենքը, Հայաստանում հակառուսական ելույթներ եղան: Այդ պատճառով, երբ Գերմանիա այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ոչ պատահաբար «սենսացիոն» հայտարարություն արեց, որ Բաքուն այդ պատերազմում օգտագործել է իրանական զենք, նպատակը Հայաստանում հակաիրանյան տրամադրություններ հարուցելն էր: Ոչինչ չստացվեց:
Հիմա Ադրբեջանի Միլի մեջլիսում սկսվել են ադրբեջանա-իրանական պարզաբանումներ: Պատգամավոր Զահիդ Օրուջը, շեշտադրելով, որ «ներկա պահին Իրանի ու Հայաստանի հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, հանվել է վիզային ռեժիմը»՝ խորհուրդ տվեց նախագահ Հասան Ռոհանիին՝ չեղարկել Երևան նախապատրաստվող այցը: «Թեպետ Իրանը իրեն պատկերացնում է մուսուլմանների պաշտպան աշխարհում, ադրբեջանական հողերի օկուպացիայի նկատմամբ մենք չենք տեսնում նրանից վերաբերմունք, որ համարժեք է պաղեստինյան հարցին,-ասաց Օրուջը:- Միջուկային պրոբլեմի գագաթնակետին մենք թույլ չտվեցինք, որ Ադրբեջանը պլացդարմի վերածվի Իրանի դեմ: Իրանը ցանկանում է Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատե՞լ, թե՞ այլ ճանապարհ ընտրել»: Ֆազիլ Մուստաֆան որոշեց ավելի խորանալ: «Պատմականորեն Իրանը շահագրգռված չէ Ադրբեջանի անկախությամբ ու ուժեղացմամբ,- պնդում է նա:- 1918-ին, երբ մեր երկիրը անկախ դարձավ, Իրանը դեմ էր, որ մեր երկիրն Ադրբեջան անվանվի, չէր ճանաչում անկախությունը: Մենք կազատենք մեր հողերը: Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը, նրան զենք տրամադրելը սև խարան կմնա ԻԻՀ-ի պատմության մեջ»:
Գուդրատ Հասանղուլիևը ընդլայնում է «պրոբլեմի հորիզոնները». «Զրույցների ընթացքում Իրանի պաշտոնատար անձինք հարցնում են՝ ինչո՞ւ եք դուք համագործակցում Իսրայելի հետ: Մենք համագործակցում ենք Իսրայելի հետ, որ զենք ձեռք բերենք և ազատագրենք մեր հողերը: Իսկ ինչո՞ւ է Իրանը համագործակցում Հայաստանի հետ: Համագործակցում է, որ Հայաստանը շարունակի օկուպացնել ադրբեջանական հողե՞րը: Իրանի այսօրվա ղեկավարության վարած հակաադրբեջանական քաղաքականությունը բարեկամական չէ: Իրականում Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները ծառայում են Իրանի կայունությանը և տարածաշրջանի զարգացմանը: Եթե Իրանը հարգանք չդրսևորի այնտեղ ապրող 30 (?) միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, տխուր հետևանքների կբախվի»: Այս տրամաբանությամբ պարզվում է՝ Բաքուն իրեն համարում է Իրանի քաղաքական կայունության երաշխավոր, թեպետ ամեն ինչ, գուցե, հակառակն է: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինը հայտարարեց, որ պատգամավորների քննադատությունը «չի նպաստում ադրբեջանաիրանական հարաբերությունների զարգացմանը», իսկ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները «ուղղված չեն որևէ պետության դեմ»:
Փաստ է, որ Թեհրանը Բաքվի ու Երևանի նկատմամբ վարում է քաղաքականություն, որ նման է մոսկովյանին՝ հավասարահեռության և շահագրգռվածության ուժերի հավասարակշռության ձեռնտու մակարդակի վրա: Վերջերս Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև 2009-ին առաջարկված վիզաների չեղարկումը իբր դարձավ «Ադրբեջանի վրա իրանական ճնշման զոհ, որ հանգեցրեց պայմանավորվածության բեկանման բառացիորեն «վերջին րոպեին»: Հասանովի խոսքով՝ իրանական կողմը հայտարարեց, որ կփակի Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության ճանապարհը, եթե Ադրբեջանը թուրքերի համար վիզան հանի, բայց պահպանի իրանցիների համար: Հայաստան-Իրան համագործակցության խորացումը, որին կնպաստի վիզաների չեղարկումը, կարող է ամրապնդել և Վրաստանը, որը մասնակցում է երկու առանցքների ստեղծմանը՝ Իրան-Հայաստան-Վրաստան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, որը թույլ է տալիս տարածաշրջանում վարել ավելի ճկուն քաղաքականություն: Իրավիճակը Անդրկովկասում իրոք փոխվում է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Կապ ունի՞ այս հրապարակումը Սոֆիայում Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի ներկայացուցիչների հանդիպման հետ, որի մասին Haqqin.az-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել՝ համարելով, որ Երևանը փորձում է «իր կողմը «քաշել» բեռնափոխադրումներն ու տարանցումը: Այդ երկրները մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից Սև ծով: Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հասկացրեց, որ Իրանը Հայաստանը համարում է նախագծի մասնակից»:
«Հայաստանն Իրանի համար առավել ընդունելի երթուղի է, հաշվի առնելով, որ քաղաքական առումով երկու երկրները մրցակից չեն, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի»՝ բացատրում էր ադրբեջանական գործակալությունը: Haqqin.az-ը վստահ էր, որ Իրանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը «բոլոր միջոցներով փորձում են աջակցել Հայաստանին՝ ի հակակշիռ Ադրբեջանի», որ «նրանցից ոչ ոք չի ցանկանում Ադրբեջանի հետագա հզորացումը՝ առանց այդ էլ տարածաշրջանի ամենազարգացած ու հզոր պետության»: Բնականաբար՝ Բաքվում կարծում են, որ նախագիծը քիչ հեռանկարներ ունի՝ ֆինանսավորման պակասի, Հայաստանի ռելիեֆի բարդության և ենթակառույցների բացակայության պատճառով: Նրանց կարծիքով՝ առավելագույնը, որ կարող են անել դիվանագետները Սոֆիայում, փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է: «Բայց եթե նույնիսկ այդ միջանցքը ստեղծվի, չի կարող ներգործել Եվրոպա-Կովկաս-Ասիա մասշտաբային միջանցքի վրա, որ ավարտվում է Ադրբեջանի մասնակցությամբ»՝ եզրակացնում էր Haqqin.az-ը:
Փաստորեն՝ ռուս-ադրբեջանական շահերը նորից համընկնում են՝ ընդդեմ հայ- իրանական հարաբերությունների: Իրանի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում և Իրանի էներգակիրների ելքը Սև ծով հակասում է թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի շահերին՝ ի հայտ բերելով մրցակցի, որին այսօր պակասում են ժամանակակից տեխնոլոգիաներ, բայց դա ժամանակի խնդիր է: Եվ նրանց բնական դաշնակից է դառնում Թուրքիան: Նվազագույնը տարօրինակ է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տալ Իրանի նախագահին՝ ուր գնա ու ինչ անի, իրականում դա դիվանագիտական սկանդալ է, որին Իրանը չի կարող չարձագանքել: Ադրբեջանում Իրանի դեսպանի պատասխանը շատ մեղմ է՝ ելնելով ռեալ շանտաժից, թե ինչ կարող է լինել Իրանում՝ հաշվի առնելով 30 (թիվը փաստացի կրկնապատկված է) միլիոն ադրբեջանցիների ներկայությունը և հաշվի չառնելով, որ նրանք Իրանի քաղաքացիներ են, այնուամենայնիվ: Տարածաշրջանում, իսկապես, փոփոխություններ են լինում և փոփոխությունների տրամաբանությունը թելադրված է տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, որին քաղաքականությունը փորձում է խանգարել՝ ինչքան կարողանում է: Այդպիսին են մրցակցության օրենքները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ